երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի տեղահանվածների բնակարանային խնդրի լուծման ծրագիր

Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի տեղահանվածների բնակարանային խնդրի լուծման ծրագիր

Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց բնակարանին խնդրի լուծման ծրագիրը: Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար  Արտակ Բեգլարյանը:

«Իմ նշանակումից ի վեր, ամբողջ հունիսին այս ծրագրի վրա բավականին ակտիվորեն ես և տարբեր գերատեսչություններ և մեր աշխատակազմը աշխատել ենք: Ծրագրով բոլոր մանրամասները ավելի հստակ կլինեն և դրա հիման վրա կարգ է մշակվելու: Արդեն բոլոր չափանիշները, ընթացակարգերը, սկզբունքները, ժամկետները նշվելու են և ծրագրում, և կարգում:

Սա մանրամասն ներկայացնում եմ, որովհետև շատերին է այս ծրագիրը հուզում: Իհարկե, հրապարակելուց հետո արդեն կարող են բոլորը ծանոթանալ և ընդհանուր տրամաբանությունը հասկանալ, թե ինչպես ենք աշխատելու: Ծրագրին կից նաև ժամանակացույց է լինելու, որպեսզի պարզ լինի, թե որ գործողությունը, որ միջոցառումը, որ մարմինը ինչքան ժամկետում է իրականացնում»,- նշեց Բեգլարյանը` հավելելով, որ ըստ հերթացուցակի, ըստ առաջնահերթությունների, նաև ըստ բնակավայրերի մի քանի շաբաթից կարող է ավելի հստակ ասել, թե ով և ինչքան ժամանակում կապահովվի բնակարանով: 
 
Արցախի պետնախարարի խոսքով` Կառավարությունը այս ամիսների ընթացքում որոշակի աշխատանքներ արդեն կատարել է. տեղահանված տարբեր ընտանիքներ արդեն ժամանակավոր կամ մշտական տեղավորվել են, նաև վերանորոգման աշխատանքներ են սկսել տարբեր տներում:

«Շինարարական աշխատանքները և երկրորդային շուկայից բնակարանների և բնակելի տների ձեռքբերումներն առաջիկա շաբաթներին ակտիվ փուլ է մտնելու»,- եզրափակեց Բեգլարյանը:

  • Կիսվել: