հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

 Անցյալ տարվա ավերիչ պատերազմից հետո հայկական երկու հանրապետություններում սեպտեմբերի 2-ի և սեպտեմբերի 21-ի պետական տոները լավագույն առիթ էին մեր ժողովրդին ու աշխարհին փոխանցելու հանրությանը հուզող հիմնախնդիրների լուծման հնարավորությունների և Արցախի ու Հայաստանի միջև կապերի  անխախտելիության մասին սպասված ուղերձները:

Բայց, ինչպես կանխատեսելի էր Հայաստանի ու Արցախի գործող իշխանություններից, ամեն ինչ կատարվել է ի վնաս հոգեբանական բարդ վիճակում գտնվող հանրությանը ճգնաճամից դուրս բերելու համար: Երևանի կենտրոնական հրապարակում սեպտեմբերի 21-ի երեկոյան կազմակերպած, իրենց իսկ բնորոշմամբ, «գունագեղ միջոցառման» իրականացումն այն դեպքում, երբ առկա էր հանրային հիմնավորված դժգոհություն, խոսում է այն մասին, որ օրվա իշխանությունների համար «ասածից հետ չկանգնելու» տղայական մոտեցումն ավելի նախապատվելի տեղ ունի, քան պետականամետ վարքագիծը:

Հանրության համար զարմանալի էր այն դիրքորոշումը, որ նա արտահայտվեց սեպտեմբերի 2-ին, երբ համապատասխան հրավերների առկայության պարագայում այդպես էլ Հայաստանի բարձրագույն ղեկավար կազմից որևէ պաշտոնյա ներկա չգտնվեց համահայկական նշանակություն ունեցող Արցախի Հանրապետության օրվա միջոցառումներին և Ստեփանակերտ ժամանեց միայն խորհրդարանական պատվիրակությունը: Սպասելի էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, ինչպես նախորդ տարիներին, հրավեր ուղարկվեր Արցախի խորհրդարանական պատվիրակությանը, սակայն այս պարագայում ևս արհամարհվել են արարողակարգային պահանջները:

Պետականության ավանդույթներն ամրապնդելու ընձեռված հնարավորությունները մերժելով՝ ՀՀ գործող իշխանությունները կասկածի տակ են դնում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը:

Նման վերաբերմունքը, մինչ այդ նկատված թերացումների հետ մեկտեղ, հղի է լուրջ վտանգներով և, անկախ դրդապատճառներից, էապես վնասում է միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության վարկանիշին, ինչպես նաև բացասական ազդակներ հաղորդում կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային կառույցներին:

 

  • Կիսվել: