հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախի ԱԺ անկախ պատգամավորները միացան Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական թիմին

Արցախի ԱԺ անկախ պատգամավորները միացան Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական թիմին

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել անկախ պատգամավոր Էրիկ Ռոբիկի Հարությունյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 31-ին, «Հայրենիք» խմբակցությանն, իր դիմումի համաձայն, միացել է խորհրդարանի մեկ այլ անկախ պատգամավոր՝ Արամ Ալեքսեյի Սարգսյանը:

Խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ պատգամավորները նշել են, որ այդ որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով կուսակցության կողմից առաջ քաշած ծրագրերը:

«Դա գիտակցված որոշում էր, քանի որ «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացրած Արցախի զարգացման տեսլականը հավակնոտ է և իրատեսական»,- նշել է թիվ 2 ընտրատարածքից (ք. Ստեփանակերտ), մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Արամ Սարգսյանը:

Իսկ Շուշիի և Քաշաթաղի շրջաններն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Էրիկ Հարությունյանը նշել է, որ բարձր է գնահատում «Ազատ հայրենիք» կուսակցության անցած ճանապարհը և այն ներուժը, որն ունի կուսակցությունը: «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը ողջունել է անկախ խորհրդարանականների որոշումը և համոզմունք հայտնել, որ համատեղ գործունեությունն ավելի կբարձրացնի Խորհրդարանում խմբակցության ծավալած աշխատանքի արդյունավետությունը:

Հիշեցնենք, որ «Հայրենիք» խմբակցությունը Արցախի Խորհրդարանում ամենամեծն է և նոր պատգամավորների անդամակցության արդյունքում կունենա 16 պատգամավոր: Տեղեկացնենք նաև, որ ԱՀ Խորհրդարանի 33 պատգամավորներից միայն Արամ Սարգսյանն ու Էրիկ Հարությունյանն էին, որ ընդգրկված չէին որևէ խմբակցության մեջ:

  • Կիսվել: