շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Արցախի ապագան յուրաքանչյուրիս միասնական անշահախնդիր աշխատանքի մեջ է. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Արցախ գործուղված ուսուցչուհի

Արցախի ապագան յուրաքանչյուրիս միասնական անշահախնդիր աշխատանքի մեջ է. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Արցախ գործուղված ուսուցչուհի

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում անգլերենի ուսուցչուհի Աննա Արսենյանը Երևանից գործուղվել է Արցախ և դասավանդում է ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի միջնակարգ դպրոցում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Արսենյանն ասաց, որ ուսուցչի աշխատանքը իրեն մոտիվացնում, ոգևորում և ուրախացնում է. այս գործը անում է սիրով և անսահման նվիրումով:
Բնութագրությունը հասանալի չէ
«Արդեն երեք տարի է, ինչ միացել եմ «Դասավանդի՛ր, Հայաստան» մեծ ընտանիքին, ծրագրին միանալու իմ ամենաառաջնային մոտիվացիան եղել է Արցախում ապրելն ու այստեղ աշխատելը: Առաջին անգամ երեք տարի առաջ այցելելով Արցախ` զգացի Արցախի կախարդական, դեպի իրեն կանչող, ձգող ուժը: Մեկ օրը բավական էր, որ հասկանայի՝ այլևս ուզում եմ ապրել և աշխատել այստեղ, անել ինձնից կախված ամեն բան այն ապրեցնելու ու շենացնելու համար: Հիմա ավելի քան երբեք Արցախն ունի բոլորիս օգնության կարիքը, ես՝ որպես ուսուցիչ, իմ սուրբ պարտքն եմ համարում լինել այստեղ, որտեղ կա ուսուցչի կարիք, քանի որ բոլոր երեխաներն իրավունք ունեն ստանալու որակյալ և հավասար պայմաններում կրթություն՝ անկախ նրանց գտնվելու վայրից, սոցիալական կարգավիճակից: Կարծում եմ՝ կրթությունը պետք է լինի հասանելի բոլորի համար», - նշեց Ա. Արսենյանը:
Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ առարկայական գիտելիքներ փոխանցելուց զատ աշակերտներին ներկայացնում և բացատրում է, թե որքան կարևոր է նրանց դերը համայնքում, եթե ցանկանում են, որ փոփոխություն լինի համայնքում, հենց նրանք պետք է լինեն այդ փոփոխությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի միջոցով աշակերտները սովորում են, թե ինչպես կարող են փոփոխություն բերել իրենց համայնքներում, ինչպես գնահատել և հասկանալ իրենց համայնքի կարիքները, ինքնուրույն ծրագրեր գրել, ներկայացնել և իրականացնել դրանք: Արցախի կրթական համակարգը վերակենդանացնելու համար հարկավոր է յուրաքանչյուրիս ամենօրյա, նվիրական աշխատանքը, ուժն ու պատրաստակամությունը` դիմակայելու ցանկացած մարտահրավերի, գիտակցումը, որ այսօրվա կայուն գիտելիքով զինված սերունդը մեր վաղվա հաղթանակն է ու ձեռքբերումները: Հայաստանն իմ տունն է, հայրենիքը, իսկ Արցախը՝ իմ սիրտը: Կարծում եմ, յուրաքանչյուրս պարտավոր է գիտակցել, թե որքան կարևոր է սրտի աշխատանքը, և ինչ կարող ենք անել, որ այդ աշխատանքը հանկարծ կանգ չառնի: Արցախի ապագան յուրաքանչյուրիս ձեռքում է, միասնական անշահախնդիր աշխատանքի մեջ», - հավելեց Ա. Արսենյանը:

  • Կիսվել: