երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի անկախ կարգավիճակը և ժողովրդի բնական իրավունքների ճանաչումն ու հարգումը սակարկելի չեն. Ղուլյան

Արցախի անկախ կարգավիճակը և ժողովրդի բնական իրավունքների ճանաչումն ու հարգումը սակարկելի չեն. Ղուլյան

Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարի ժամանակ այսօր կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ ԱԺԿ-ն հետևողականորեն դիրքորոշում է արտահայտել պետության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ՝ կարևորելով Արցախի անկախության միջազգային ճանաչման և անվտանգության երաշխավորման հրամայականը:

Ղուլյանը, մասնավորապես, ասաց. «Մենք պնդել ենք և շարունակելու ենք պնդել, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն բանակցություններին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության պարագայում, իսկ առաջարկվող լուծման տարբերակներն ու առաջարկներն առաջին հերթին պետք է ընդունելի լինեն հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի ժողովրդի համար: Բանակցություններում սակարկման առարկա չեն կարող հանդիսանալ Արցախի անկախ կարգավիճակը և Արցախի ժողովրդի բնական իրավունքների ճանաչումն ու հարգումը»:

Ղուլյանը վստահ է, որ արդարացի պահանջը հասանելի դարձնելու և այս հարցում լուրջ հաջողություններ ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ առավելագույնս ներգրավելով Սփյուռքի և օտարերկրյա գործընկերների ներուժը:

ԱԺԿ նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել շարունակելու միջազգային գործընկերների հետ ընդգրկուն համագործակցության քաղաքականությունը՝ պատրաստ լինելով անդամակցել այնպիսի քաղաքական միավորումների, որտեղ համագործակցության ամենաբարձր արժեքներն են մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգումը, ազգերի ինքնորոշման սկզբունքը և պետությունների ինքնիշխան հավասարությունը:

 

  • Կիսվել: