հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախցիները սպորտային պարերի մրցույթում մրցանակային տեղեր են զբաղեցրել

Արցախցիները սպորտային պարերի մրցույթում մրցանակային տեղեր են զբաղեցրել

Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում տեղի ունեցած «Գյումրու գավաթ» կոչվող սպորտային պարերի մրցույթում Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ուսանողները, գրավելով մրցանակային տեղեր, Արցախ են բերել «Գյումրու գավաթը»:

Բուհի «Էկոնոմիկա» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Աղաջանյանը մրցույթում զբաղեցրել է առաջին մրցանակային տեղը:

«Մրցույթին ես հանդես եկա պրոֆեսիոնալ լատինաամերիկյան ոճով: Մեր պարերում կարևոր է տեխնիկայի և ֆիզիկական ընդունակությունների ճիշտ զարգացումը և, իհարկե, աշխատասիրությունը, որը ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Շատ եմ կարևորում նաև մարզիչի ճիշտ և գրագետ աշխատանքը: Իմ պարուսույց Էլեոնորա Հակոբյանի շնորհիվ եմ ձեռքբերումներ ունենում», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մ. Աղաջանյանը:

Իսկ «մանկավարժություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած Ալյոնա Չալյանը նշեց, որ հենց ցանկալի արդյունք ունենալու տրամադրությամբ են մասնակցել մրցույթին։

«Սպասումներն իրականացան։ Մենք բարձր պահեցինք Արցախի պատիվը։ Հաղթանակին հաջորդեց հպարտությունը և հավատը, որ խաղաղություն կլինի, և կշարունակենք մասնակցել նմանատիպ մրցույթների։ Իսկ մրցույթին պարել եմ սամբա, չա ֊չա ֊չա, ջայվ», - մեզ հետ զրույցում ասաց Ա. Չալյանը:

  • Կիսվել: