երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախցիների մարտի 20-ի հանրահավաքը կրում է բացառապես սոցիալական բնույթ և զուրկ է որևէ քաղաքական բաղադրիչից․ նախաձեռնող խմբի անդամ

Արցախցիների մարտի 20-ի հանրահավաքը կրում է բացառապես սոցիալական բնույթ և զուրկ է որևէ քաղաքական բաղադրիչից․ նախաձեռնող խմբի անդամ

Ինչպես հայտնի է վաղը՝ մարտի 20-ին, ժամը 15:30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների հանրահավաքը, որի հիմնական նպատակն է բարձրաձայնել ՀՀ-ում բնակություն հաստատած արցախցիների սոցիալական խնդիրները, կառավարության ուշադրությունը սևեռելով դրանց վրա, հասնել այդ կարիքների արդարացի լուծմանը։

Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում շեշտեց հանրահավաքի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ,  Արցախի Պահեստազորի սպաների միության անդամ Արա Քամալյանը՝ հանրահավաքը կրում է բացառապես սոցիալական բնույթ և զուրկ է որևէ քաղաքական բաղադրիչից։ «Ճիշտ է եղել են քաղաքական սադրիչներ, որոնք փորձել են սողոսկել մեր շարքերը, փորձելով օգտագործել մեր նախաձեռնությունը իրենց նպատակների համար, սակայն մենք դրանց բոլորին հեռացրել ենք։ Բազմաթիվ խոչընդոտներ ենք հաղթահարել այս ճանապարհին»,- ընդգծեց Քամալյանը։

Նա շեշտեց, որ վաղվա հանրահավաքի ժամանակ բացառապես հնչեցվելու են ՀՀ բռնագաղթաց ացախցիների սոցիալական կարիքները և նախաձեռնող խմբի կողմից մշակված դրանց լուծման ուղիները։ «Մեզ համար առաջնային հարցը՝ դա կեցության ապահովման հարցն է, ժողովրդի լեզվով ասած, այնպես լինի, որ ամեն արցախցի տանիք ունենա իր գլխին և ստիպված չլինի արտագաղթել մայր Հայրենիքից։ Ընդ որում՝ մենք նույնիսկ չենք էլ ուզում, որ պետությունը ավելացնի բնակապահովման համար նախատեսված դրույքաչափերը։ Մեր ուզածն այն է, որ պետությունը ամեն արցախցի ընտանիքին տրամադրի կեցության վայր՝ թե հիմա դա կլինի մարզերում նոր տներ, ավաններ կառուցելով, թե եղած լքյալ բնակֆոնդը որոշակի վերանորոգումից հետո մեզ տրամադրելով, այդքան էլ էական չէ։ Կրկնում եմ, մեզ համար կարևորը, որ ՀՀ-ում բնակվող արցախցիները գլխներին տանիք ունենան, չարտագաղթեն, տնավորվեն, սկսեն մտածել աշխատանք փնտրելու մասին, որովհետև, ո՞վ ասաց, որ արցախցին օգնություն է ուզում, արցախցին ուզում է արժանապատիվ ապրել, աշխատել, արարել, օգուտ բերել։ Մենք ոչ մայրաքաղաքի բնակարան ենք ուզում, ոչ ճող պայմաններ, ուղղակի մարդավայել կացարաններ, թեկուզ մարզերում»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ սոցիալական խնդիրները շատ են, սակայն հիմնական խնդիրը կեցության հարցն է, և, եթե կառավարությունը ականջալուր լինի արցախցիների ձայնին, հրավիրի այդ խնդրի շուրջ քննարկումների, կբարձրաձայնեն այլ խնդիրներ և բացթողումներ ևս։ «Հուսով եմ, նույնիսկ ուզում եմ վստահ լինել, որ ականջալուր կլինեն մեզ և կհրավիրեն քննարկումների և համատեղ ուժերով կկարողանանք լուծել առկա խնդիրները։ Մեր ուզածը ի՞նչ է՝ արժանապատիվ ապրել, արարել և օգուտ բերել Հայրենիքին»,- եզրափակեց Քամալյանը՝ հույս հայտնելով, որ խնդիրների լուծմանը ականջալուր կլինի ոչ միայն ՀՀ կառավարությունը, այլև Սփյուռքը և արտասահմանյան երկրները և համապատասխան կառույցները։  

  • Կիսվել: