Արցախցի երեխաները ուսումը կշարունակեն Շիրակացու անվան ճեմարանում. ԿԳՄՍ նախարարը հուշագիր է ստորագրել
Նախօրեին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և ՀՀ֊ում գործող «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի պատասխանատու Մերի Սարդարյանը։
«Ստորագրված հուշագրի շրջանակում արցախցի 7 երեխաներ հնարավորություն են ստացել ավագ դպրոցի ուսուցումը շարունակելու Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ Նախարարը կարևորել է նման համագործակցությունը, քանի որ այդ կարևոր որոշման նպատակը բնական և տեխնիկական գիտությունների բարձրակարգ մասնագետներ պատրաստելն է, ովքեր, հետագայում վերադառնալով Արցախ, կդառնան կրթագիտական կուռ համակարգի հիմնասյուները»,- մեզ հետ զրույցում նշել է Մ. Սարդարյանը։