ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախն ինձ համար կարմիր գիծ է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը RTVI-ին

Արցախն ինձ համար կարմիր գիծ է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը RTVI-ին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Արցախ մեկնելու որոշման, Հանրապետության պետնախարար նշանակվելու, կառավարությունում վերադասավորումների, Արցախի կառավարության գործունեության բարեփոխման ծրագրերի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին:

Արցախի հարցի վրա ուշադրություն հրավիրելու և Ադրբեջանում հայատյացության մասին

Արցախի պետնախարարը հիշեցրել է, որ սա իր առաջին զրույցը չէ ռուսական լրատվամիջոցների հետ նոր պաշտոնում։ Ավելի վաղ նա հարցազրույց է անցկացրել Իլյա Դորոնովի հետ ՌԲԿ-ի համար, որը չի հրապարակվել՝ լրագրողի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների պատճառով։

"Այնպիսի ագրեսիվ միջավայրում, այնպիսի կոշտ դիմակայության և այնպիսի հայատյացության մեջ, որ նույնիսկ տեսակետ արտահայտելն անհնար է, և ռուս լրագրողը հարձակման է ենթարկվում" ... "Սա աղաղակող փաստ է, որ թույլ չտանք այսօրվա աշխարհում խոսել շատ կարևոր բաների մասին, այդ թվում՝ ինչպես ենք կառուցելու աշխարհը", - ասել է Վարդանյանը։

Վարդանյանը նշել է, որ այժմ ավելի լավ և ավելի խորն է հասկանում, թե ադրբեջանական հասարակության մեջ որքան անհանդուրժողականություն կա այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում։

Նա խոսել է ղարաբաղյան հարցի վրա ուշադրություն հրավիրելու մասին՝ իր՝ նոր պաշտոնում նշանակման համատեքստում

"Ես ուրախ եմ, որ արել եմ այդ քայլը, որովհետև իմ գալուստով Արցախի թեման, որն Ադրբեջանի համար իդեալական կլիներ, որ բոլորը մոռանային, ավելի արդիական է դարձել, օրակարգային։ Այս առումով ես ուրախ եմ, որ Արցախը և այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում, քննարկման թեմա է դառնում և՛ ռուսական, և՛ հայկական, և՛ ադրբեջանական, և՛ համաշխարհային մամուլում", — ընդգծել Է Վարդանյանը ։

Արցախի կառավարությունում վերադասավորումների պատճառները

Վարդանյանը տեղեկացրել է, որ ինքը պայմանավորվածություն ունի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որ հնարավորություն կա բարեփոխելու կառավարության ողջ կառուցվածքը: Այս համատեքստում նա նշել է երկու պատճառ. առաջինը՝ պատերազմից հետո որոշակի փուլ ավարտվեց, պետք էր հնարավորինս արագ դադարեցնել խուճապային տրամադրությունները, այնպես անել, որ մարդիկ մնան Արցախում։ 

Երկրորդ պատճառը, ըստ Վարդանյանի, միասնական թիմ ձևավորելու անհրաժեշտությունն է։ "Այն (կառավարությունը) ձևավորվել է կոալիցիոն սկզբունքով, կառավարության անդամները կազմված են եղել տարբեր կուսակցություններից, տարբեր շարժումներից, և որպես միասնական կոլեկտիվ չի աշխատել։ Այժմ Արցախի ղեկավարության առջև դրված է կառուցվածքային բարեփոխումների խնդիր, որը պահանջվում է միասնական թիմային մոտեցում:

Ես թիմ ունեմ, այնտեղ ընդգրկված են երկու նախկին պետնախարարներ, կրթության եւ մշակույթի նախկին նախարար, Հայաստանի սոցիալական ապահովության նախկին նախարար, մարդիկ, ովքեր ունեն պետական կառավարման փորձ՛՛,-նշել է Վարդանյանը։

Արցախ տեղափոխվելու որոշման և Հանրապետության զարգացման ծրագրերի մասին

Մեկնաբանելով իր՝ Արցախ տեղափոխվելու վերաբերյալ արձագանքը՝ Վարդանյանն ընդգծել է, որ որոշումը կայացրել է ինքնուրույն՝ առանց որևէ մեկի հրահանգի։

"Իմ մասին վարկածների քանակն այնքան մեծ է, որ ես արդեն ոչ մի բանից չեմ զարմանում "... "Ես բիզնես եմ ունեցել Ռուսաստանում, Անգլիայում, Ամերիկայում, Կիպրոսում, Ուկրաինայում, Ղազախստանում... Երբ գրել եմ իմ հայտարարագրերը, ստիպված եմ եղել դուրս գալ ավելի քան 50 կազմակերպություններից, որտեղ եղել եմ տնօրենների խորհրդի կազմում, և հասկանալի է, որ ես միշտ գլոբալ բիզնես եմ ունեցել։ Ես միշտ եղել եմ ռուսաստանյան մարդ, մյուս կողմից՝ աշխատել եմ ամբողջ աշխարհում", - նշել է նա ։

Պատասխանելով այն հարցին, որ իրեն Արցախ են ուղարկել Մոսկվայից՝ Վարդանյանն ասել է, որ  ՛՛լավ չի պատկերացնում, թե ինչպես նորմալ ու բանական մարդը, որը գոնե մի քիչ մտածում ու հասկանում է, կարող է համարել, որ կա մի մեխանիզմ, որով ինչ-որ մեկին կանչում են ու ասում՝ ՛՛դու կգնաս վաղը այնտեղ ածխատելու եւ կանես այս-յաս բաները՛՛:

Նա ընդգծել է, որ դա եղել է իր եւ իր ընտանիքի որոշումը։

"Դա իմ որոշումն էր, որոշում, որը, իհարկե, հնչեցրել եմ և ասել, որ նման որոշում եմ կայացնում։ Եվ ես խոսել եմ մարդկանց հետ, որոնք, այդ թվում, աշխատում են ռուսական պետության համար, որպեսզի բացատրեն իրենց դիրքորոշումը, այն հրապարակային դարձնեն, բայց ոչ ավելին։ Սա ևս մեկ անգամ Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի դիրքորոշումն է։ Իսկ պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է ինձ ստիպել դա անել,  անհնար է", - ընդգծել Է Վարդանյանը։

Նա պատմել է, որ Արցախի կառավարության գործունեության բարեփոխման ողջ ծրագրի հիմքում ընկած են երեք հիմնական ուղղություններ՝ Արցախի կարգավիճակի հարցը, նրա անվտանգությունն ու հանրապետության սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացումը, որը նորմալ կյանք կապահովի հանրապետության 120 հազարանոց բնակչության համար։

Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա խոսքը վերաբերում է Արցախի դիրքավորմանը միջազգային տարածքում ինչպես իրավական, այնպես էլ ոչ իրավաբանական դաշտում: ՛՛Արցախը սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը՛՛,-ասել է Վարդանյանը ։

Պետնախարարը նաև հավելել է. "Կառավարությունը պատրաստվում է իրականացնել մոտ 15 բարեփոխում, որոնք վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին՝ ռազմականից մինչև տնտեսական:

Մենք կառուցում ենք առաջնահերթությունների աստիճանական համակարգ, բոլոր բարեփոխումները համակարգելու է միասնական կենտրոնը։ Հասարակությունը նույնպես պետք է ներգրավված լինի այս գործընթացում, մարդիկ պետք է զգան, որ իրենք էլ կարող են ազդել այդ գործընթացների վրա և իրենց բաժին պատասխանատվությունը կրել կայացվող որոշումների համար":

Նա նշել է, որ Արցախում կյանքը բնականոն հունի մեջ է մտնում՝ չնայած անկլավային բարդ իրավիճակին և ադրբեջանական զինուժի կողմից անընդհատ գնդակոծություններին, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը:

"Արցախցիները հավատում են իրենց ապագային, իրենց երկրի ապագային: Պարզապես ապշում ես նրանց ոգու ամրությունից, և պատահական չէ, որ Արցախը Խորհրդային Միության չորս մարշալ և խորհրդային բանակի 28 գեներալ է տվել", - նշել է Վարդանյանը։

Գյուղատնտեսությունը, պետնախարարի խոսքով, երկրի տնտեսության առաջատար ճյուղն է: Երկիրը հարուստ է պարարտ հողով՝ չնայած այն բանին, որ 44-օրյա պատերազմի արդյունքում զգալի տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո:

՛՛Ակտիվ տեմպերով զարգանում է շինարարության ոլորտը, այսօր Արցախում բազմաթիվ տներ են կառուցվում Հադրութից և Շուշիից տեղահանվածների համար։ Բացի այդ՝ Արցախում այսօր իրականացվում են բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, այդ թվում՝ ՏՏ և զբոսաշրջության ոլորտներում՛՛,-ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ հեռանկարային ուղղությունների թվում է նաև վերամշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ գյուղմթերքի վերամշակումը։

Պետնախարարն Արցախն անվանել է իդեալական տարբերակ ռուս ռելոկանտների, այդ թվում ՝ ՏՏ ոլորտի մասնագետների համար, բայց միայն այն բանից հետո, երբ երկարաժամկետ հեռանկարում կլուծվեն անվտանգության և կարգավիճակի հարցերը։

Վարդանյանը համաձայ չէ այն դիտարկմանը, թե Արցախի պետբյուջեն 90 տոկոսով բաղկացած է Հայաստանի սուբսիդիաներից։ "Ոչ, դա ճիշտ չէ։ Արցախը բավականին լավ սեփական բյուջե ունի, այլ բան է, որ կան կորցրած տարածքների թեմաներ, մարդիկ փոխհատուցում են ստանում մեծ քանակությամբ կորցրած հողերի և բիզնեսների համար, և դա ծրագրի այն մասն է, որը հատկացրել է հայկական կառավարությունը, և դա ուղղակի անցնում է Արցախի բյուջեով։ Իրականում, գործնականում մենք գտնվում ենք մի ռեժիմում, որտեղ արցախցի հարկատուների ՝ հարկերի հավաքագրումից ստացված եկամուտները, այլ եկամուտները թույլ են տալիս մեծ թվով ծրագրեր իրականացնել: Ուղղակի ես իրավունք չունեմ տոկոսը բացահայտելու, բայց դա ճիշտ չէ, ոչ թե 90 տոկոսը, այլ շատ ավելի քիչ", -ասել է Վարդանյանը։

Վարչապետ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

Վարդանյանը պատմել է, որ առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է 2018 թվականին՝ "թավշյա հեղափոխությունից" հետո ։

"Ես նրան ասացի, որ կա մի թեմա, որն ինձ հուզում է, որի համար ես պատրաստ եմ փոխել իմ կենսակերպը. դա Արցախն է։ Ես նրան բացահայտ ասել եմ, որ երբեք չեմ միջամտել նախորդ նախագահների քաղաքական գործունեությանը, հիմա էլ չեմ պատրաստվում միջամտել, բայց Արցախն ինձ համար կարմիր գիծ է", - պատմել Է Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ անթույլատրելի է համարում, որ հայկական վերնախավը պարզապես նայի, թե ինչ է կատարվում Արցախի հետ, եւ ոչինչ չանի։

Պետնախարարը նշել է, որ իր հարաբերությունները ՀՀ գործող վարչապետի հետ "աշխատանքային" են։ "Մենք ունեցել ենք աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկել ենք աշխատանքային հարցեր, որոնք ծառացաած են Արցախի առջև, մենք ունենք բազմաթիվ մարտահրավերներ, շատ խնդիրներ",-ասել է Վարդանյանը:

Պատասխանելով Արցախի նկատմամբ պահանջների նշաձողի իջեցման մասին հարցին՝ Վարդանյանը հիշեցրել է, որ Արցախն ինքնորոշվել է առանց Հայաստանի, ավելին ՝ Լեռնային Ղարաբաղը անջատվել է եւ Ադրբեջանի կազմից դուրս եկել դեռ ԽՍՀՄ-ի օրոք։

"Այդ իմաստով իսկապես դուալիզմ կար այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը եղել է Ադրբեջանի կազմում, դուրս է եկել Ադրբեջանական ԽՍՀ կազմից մինչև Խորհրդային Միության փլուզումը։ Եվ 1994 թվականից հետո Ղարաբաղի ղեկավարությունը մաս էր կազմում այն հակամարտության, որը քննարկվում էր, կողմերից մեկն էր, որը ներկայացնում էր հենց Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց շահերը։ Այնուհետև Ղարաբաղի նախագահը դարձավ Հայաստանի վարչապետ, և Հայաստանը սկսեց ներկայացնել նաև արցախյան կողմի շահերը", -նշել է պետնախարարը։

Նա ընդգծել է, որ այժմ իրավիճակը փոխվել է, և "մենք կրկին վերադարձել ենք նրան, որ Արցախի և արցախցիների ճակատագիրը պետք է որոշեն այն մարդիկ, ովքեր ապրում են Արցախում, ովքեր կառավարում են Արցախի պետությունը" ։

Ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման և Արցախի կարգավիճակի մասին

Վարդանյանը նշել է, որ պետք է լուծել ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման, նրանց թվի ավելացման եւ նրանց կարգավիճակի ավելի հստակ սահմանման հարցը։ Ամենաճիշտ որոշումը Վարդանյանը համարել է ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի միջազգային մանդատով օժտելը։ ՛՛Եվ այդ հարցերը պետք է լուծել հնարավորինս արագ, քանի որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման առաջին ժամկետի լրանալուն մնացել է ընդամենը 2,5 տարի՛՛,-ընդգծել Է պետնախարարը:

Վարդանյանի խոսքով՝ Արցախի հարցը պետք է լուծվի առանձին բանակցությունների ռեժիմով ՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, իհարկե, կապված է արցախյան թեմատիկայի հետ, բայց դա առանձին թեմա է՝ նշել է նա։

Վարդանյանը նաեւ մեկնաբանել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի: "Դա բարդ թեմա է: Չեմ կարծում, որ Հայաստանի նախագահը կարող է խոսել 10 միլիոնանոց հայկական սփյուռքի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների անունից", -ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: