երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը․ Արցախի ԱԺ նախագահի ուղերձը

Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը․ Արցախի ԱԺ նախագահի ուղերձը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձին։
 
«Սիրելի´ հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ բոլորիս արցախյան ազգային - ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյա հոբելյանի առիթով:
 
Շարժումը, հիրավի, ունեցավ դարակազմիկ նշանակություն՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակությունից ազատ ու անկախ ապրելակերպի հայտ ներկայացնելու տեսանկյունից: Մեր հիշողությունների ժապավենը հետ պտտելով դեպի 1988թ. իրադարձություններ՝ մեկ անգամ ևս ոգևորվում ու հպարտանում ենք խորհրդային ժամանակների արցախյան սերնդի նախաձեռնած համազգային զարթոնքով:
Իր ազգային նկարագիրը պահպանելու և հետագա էթնիկ ուծացումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը Մայր հայրենիքին վերամիավորվելն էր:
 
Ղարաբաղյան շարժման իրավաքաղաքական գագաթնակետը 35 տարի առաջ այս օրն էր: Արտահայտելով հայկական ինքնավար երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը՝ ԼՂԻՄ-ի բարձրագույն ներկայացուցչական մարմնի մարզխորհրդի պատգամավորները, 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում ԼՂԻՄ -ը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմից դուրս գալու և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հայաստանին վերամիավորելու մասին պատմական որոշում կայացրին: Այդ որոշմամբ՝ արցախյան ազգային-ազատագրական շարժումը մտավ իրավական հարթություն:
 
Սակայն մեր ժողովրդի ինքնորոշման սահմանադրական իրավունքի խաղաղ իրացմանը հակառակ՝ Ադրբեջանը առաջնորդվել է հիմնախնդիրը հանգուցալուծելու ուժի կիրառման տարբերակով:
 
Ադրբեջանի սանձազերծած 3 պատերազմները վերահաստատեցին ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արցախն առանց հայերի նենգ մտադրությունները:
Երեք ու կես տասնամյակների ընթացքում մենք անցել ենք ձեռքբերումների ու կորուստների միջով: Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել: Վիրավոր Արցախը այսօր շարունակում է ապրել այդ զոհողությունների գնով:
 
Պայքարի ոգի ներարկած փետրվարյան ազգային վերածննդի շունչը և մեր հայրենիքի, պետականության համար թափված արյունն ու քրտինքը ներկա օրերում մեզ համար նոր ոգորումների մղիչ պետք է հանդիսանան: Դա է արցախցու կենսունակության ու հարատևության բանաձևը:
 
Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները հետպատերազմական ժամանակաընթացքում ավելի խորացան:
 
Առաջնահերթությունների շարքում է կաթվածահար տնտեսության, ենթակառուցվածքների վերականգնումը: Սակայն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ Ադրբեջանը պաշարման մեջ առավ Արցախը, խափանվեցին այդ ծրագրերի իրականացումը: Ադրբեջանը հումանիտար աննախադեպ աղետ է առաջացրել Արցախում ՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը:
Վստահ եմ, որ այս արհեստածին դժվարությունները ևս կհաղթահարենք:
 
Թանկագի´ն հայրենակիցներ
 
Մեր ազգային հպարտությունն աներեր է: Այն ոչ ոք չի կարող խաթարել:Մենք վճռական ենք մեր պայքարում: Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը»:

  • Կիսվել: