կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աննա Նաղդալյանն արձագանքել է Լավրովի հայտարարություններին

Աննա Նաղդալյանն արձագանքել է Լավրովի հայտարարություններին

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է «Վալդայ» համաժողովին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին: 

Ներկայացնում  ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը. 

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»: 

Պատասխան. Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը գրավականն է խաղաղ կարգավորման ու այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից: 

Ձեր հարցում նշված մեկնաբանության առնչությամբ վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը: Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: 

Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներն առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չեն նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:  

Հարց. ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է դիակների փոխանակման, ինչպես նաև փոքրաթիվ կալանքի մեջ գտնվող անձանց փոխանակման մասին: Կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչի մասին է խոսքը:

Պատասխան. Դիակների փոխանակում տեղի չի ունեցել, այլ արցախյան կողմը, որպես մարդասիրական քայլ, թույլ է տվել Ադրբեջանի ԶՈՒ ծառայողի դիակի տարհանում: 

Պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում, այլ հանդես է գալիս հումանիտար իրավունքի շրջանակներում յուրաքանչյուր առանձին դեպքի հասցեագրման դիրքերից:

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը նշել էր. «Քաղաքական գործընթացն արգելակված է, և առայժմ այդ արգելակից դուրս գալ չի հաջողվում: Կողմերը բավականին լուրջ հայտարարություններ են կատարում: Այդ թվում, որ Ղարաբաղը Հայաստան է: Ինչպես Ալբանիայի վարչապետն էր Տիրանայից հայտարարում, որ Կոսովոն Ալբանիա է: Սա, իհարկե, չի օգնում քաղաքական գործընթացի վերականգնման համար մթնոլորտի ստեղծմանը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: