հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անհայտ է մնում թշնամու հսկողության տակ հայտնված «Տողի մելիքական ապարանք» արգելոցի ճակատագիրը

Անհայտ է մնում թշնամու հսկողության տակ հայտնված «Տողի մելիքական ապարանք» արգելոցի ճակատագիրը

«Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղում (նկ. 1) (Տողի մելիքական ապարանքի մասին տես՝ Տողի մելիքական ապարանքը - Monument Watch):

Այն բացվել է 2013 թվականին և գործում էր Մելիք Եգանի ընդունարանի շենքում (նկ. 2)։ Այս շենքը պեղումներից հետո վերականգնվել և կահավորվել է թանգարանային ցուցադրության համար (նկ. 3)։

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թանգարանն իր հավաքածուով հանդերձ օկուպացվել է Արդբեջանի կողմից:

Հավաքածուն

Թանգարանի հավաքածուն ներկայացնում էր հուշարձանի տարածքում 2011-2013 թվականների պեղումներից հայտնաբերված 17-19-րդ դարերով թվագրվող ջնարակապատ անոթներ, մետաղական տարբեր առարկաներ (նկ. 4-6) և մեծամասամբ բաղկացած էր Տող գյուղի և շրջակայքի պատմությունը ներկայացնող ցուցանմուշներով։

Ցուցադրության մեջ առանձնակի կարևորություն ուներ Տողի Սբ. Հովհաննես եկեղեցուն պատկանող խաչվառը։ Միջնադարյան եկեղեցին խորհրդային տարիներին վերածվել էր մշակույթի տան։ Անկախացումից հետո մշակույթի տան փայտե տախտակամածը հեռացնելուց հետո, ի թիվս այլ կարևոր գտածոների, հայտնաբերվել էր նաև այս խաչվառը։ Կարևոր նշանակություն ուներ 2017 թվականի պեղումներից հայտնաբերված արծաթե դրամական գանձը, որի դրամների որոշ մասը ցուցադրվում էր այս թանգարանում։ Ամբողջ գանձը ներառել է 170 արծաթե աբբասիներ՝ թողարկված տեղական մի շարք խանությունների, ինչպես նաև իրանական Զենդերի հարստության կողմից: Դրամները ներկայացված են մի քանի դրամահատարաններով՝ Գանձակ, Շամախի, Նախճավան, Թավրիզ և Ռեշտ: Գանձում եղած ամենավաղ դրամը թողարկվել է սեֆյան նախավերջին շահ Թահմասպ II-ի (1722-1732 թթ.) օրոք Ռեշտ քաղաքում հիջրի 1139 թվական (1726-7), ամենաերիտասարդ դրամները թվագրվում են 1188 թվականով (1774-5) և ներկայացնում են Գանձակ և Շամախի քաղաքների դրամահատարանները:

Գործունեությունը պատերազմից առաջ

Արգելոց-թանգարանը Արցախի ամենաշատ այցելվող հուշարձաններից մեկն էր։

2014 թվականից այստեղ անց էին կացվում Արցախյան գինու փառատոները։ Այս միջոցառման մեջ թանգարանը և նրա հավաքածուի ցուցադրությունը առանցքային դեր ունեին։ Կարևոր էր նաև թանգարանի դերը համայնքի մշակութային կյանքում։ Թանգարանի շրջակայքում համայնքը նշում էր ժողովրդական տոները (Սբ. Զատիկ, Վարդավառ և այլն) (նկ. 7)։ Այստեղ անց էին կացվում նաև Թանգարանների միջազգային օրվան, Թանգարանային գիշերվան և Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառումները (նկ. 8)։

Վիճակը պատերազմից հետո

44 օրյա պատերազմի ընթացքում գյուղը հրետակոծվել է։ Ինչպես գյուղը վերջինը լքած մարդկանց հետ հարցումների, այնպես և պատերազմից հետո ադրբեջանական մեդիայի մշտադիտարկման արդյունքում հաջողվեց վավերացնել, որ թանգարանի շենքը կանգուն է մնացել։ Անհայտ է մնում թանգարանի հավաքածուի ճակատագիրը՝ նրա պահպանման վայրը և պայմանները։

Ավելին՝ հղմամբ։ 

  • Կիսվել: