Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
՛՛Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմոբիլային շարասյունով Ստեփանակերտ է տեղափոխվել մարդասիրական բեռ։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,4 հա տարածք ։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2532,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26790 պայթյունավտանգ առարկա:
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում: