ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ամեն ինչ չի, որ մեզանից է կախված, բայց փորձելու ենք ձեր հարցերին լուծում տանք․ Շահրամանյան

Ամեն ինչ չի, որ մեզանից է կախված, բայց փորձելու ենք ձեր հարցերին լուծում տանք․ Շահրամանյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը մանրամասներ ներկայացրեց  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման արդյունքից։

Դիմելով Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին, Շահրամանյանն ասաց, որ հանդիպման ժամանակ պարզաբանումներ են տվել մի խումբ քաղաքացիների հնչեցրած հիմնական հարցերին։

«Հարցերի մեծ մասը վերաբերվում էր սոցիալական խնդիրներին՝ տեղավորման, աշխատանքի և աշխատավարձի հետ կապված։ Բոլոր հարցերին տրվել է պատասխան մեր լիազորությունների շրջանակում։ Մենք պատրաստ ենք նաև ձեր հարցերը գույքագրել և ներկայացնել համապատասխան մարմիններին։ Ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված, բայց մենք փորձելու ենք ձեր հարցերին լուծում տալ։ Այդ նպատակով որոշել ենք, որ այստեղ տրամադրելու ենք երկու սենյակ և այն քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնել կամավոր զբաղվել ձեր հարցերով, ունենալու են այդ հնարավորությունը։

Հաջորդ հարցը մեր քաղաքական ապագայի հետ կապված։ Ուզում եմ բոլորից ներողություն խնդրել, բայց կան հարցեր, որ ճիշտ չեմ համարում բարձրաձայնել, որը մեզ համար վտանգներ կարող է պարունակել։ Խնդրում եմ այսքանով բավարարվել»- ասաց Շահրամանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դռները բաց է բոլորի համար, պատրաստ են իրենց հնարավորությունների և լիազորությունների սահմաններում լուծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օրհասական հարցերը։

«Խնդրում եմ մեր հայրենակիցներին սթափ և զգոն լինել, պետք չէ դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չէ։ Մենք իրավունք չունենք իրար նկատմամբ նման գործելաոճ դրսևորել։ Երբեք ես չեմ հրաժարվել որևէ մեկի հետ հանդիպելուց և հարցեր քննարկելուց։ Լրիվ բաց ենք բոլորի համար։

Հիմա խնդրում եմ մեր հայրենակիցներին ցրվել և զբաղվել առօրյա հարցերով։ Ձեր խնդիրը մեզ համար պարզ է։ Առաջիկայում իմ կողմից ստանալու եք հրապարակային պատասխանները ձեր հնչեցրած հարցերին։ Բարդ իրավիճակում ենք հայտնվել, և այս իրավիճակից դուրս գալու համար մեզ պետք է միայն ու միայն միասնություն»,- եզրափակեց Շահրամանյանը։

Հիշեցնենք, որ մի խումբ արցախցիներ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիա են իրականացնում վաղ առավոտից՝ բողոքում են Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը տրամադրելը դադարեցնելու որոշման դեմ։

 

  • Կիսվել: