շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ԱՀ ներդրումային հիմնադրամի հանդեպ ժամկետանց պարտավորությունների կատարմանն ուղղված գործընթացի մասին

ԱՀ ներդրումային հիմնադրամի հանդեպ ժամկետանց պարտավորությունների կատարմանն ուղղված գործընթացի մասին

Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գուրգեն Ներսիսյանի 2023 թվականի ապրիլի 26-ի հանձնարարականի համաձայն` Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվում է ժամկետանց պարտավորություններ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ծանուցման գործընթացը: Այս մասին հայտնում են ԱՀ ներդրումային հիմնադրամից

Հաշվի առնելով գործընթացի մեծ ծավալը և սոցիալական արդարության ապահովման անհրաժեշտությունը՝ Հիմնադրամի կողմից որոշում է կայացվել այն իրականացնել փուլերով՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով և գրավոր ծանուցագրեր ուղարկելով Հիմնադրամի նկատմամբ քսան միլիոն և ավել ժամկետանց պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց։ Սահմանված շեմից ցածր չափի ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների պարագայում սահմանափակվել ենք ընդամենը իրազեկող հեռախոսազանգով:

Առ այսօր ծանուցվել են ժամկետանց պարտավորություններ ունեցող 71 ֆիզիկական և 91 իրավաբանական անձինք, որոնց հանրագումարային պարտավորությունը հիմնադրամի նկատմամբ կազմում է 51 747 878 000 ՀՀ դրամ:

Ծանուցված սուբյեկտներին տրվել է ողջամիտ ժամկետ պարտավորությունները կատարելու համար՝ պարզաբանմամբ, որ հակառակ պարագայում գումարը բռնագանձելու համար Հիմնադրամը քաղաքացիական հայց է ներկայացնելու դատարան:

Ի պատասխան Հիմնադրամի նկատմամբ անհարկի ու առանձին դեպքերում նաև բացահայտ ինքնապաշտպանական նպատակ հետապնդող հայտարարությունների՝ իրազեկում ենք, որ Հիմնադրամը իր գործողություններում հաշվի է առնելու նաև շրջափակման հարուցած ճգնաժամային պայմանները և հատկապես ֆիզիկական անձանց պարագայում գործընթացը առավելագույնս կատարվելու է բանակցային ճանապարհով:

  • Կիսվել: