չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ԱՀ նախագահի հանձնարարականով ֆինանսական ոլորտում տեղ գտած հնարավոր չարաշահումների բացահայտումը որոշակիորեն կբարելավի հանրային մթնոլորտը Արցախում․ քաղաքագետ

ԱՀ նախագահի հանձնարարականով ֆինանսական ոլորտում տեղ գտած հնարավոր չարաշահումների բացահայտումը որոշակիորեն կբարելավի հանրային մթնոլորտը Արցախում․ քաղաքագետ

ԱՀ նախագահի իրավապահներին իջեցրած հանձնարարականը՝ ֆինանսական խարդախությունների մեջ ներգրավված անձանց վեր հանելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ պետությանը հասցված վնասը փոխհատուցելու պահանջով, պայմանավորված է մի քանի օբյեկտիվ պատճառներով, InfoPort.am-ի հետ զրույցում նշեց արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

«Առաջին հերթին վերոնշյալ կառույցների գործունեության նկատմամբ հանրային դժգոհություններով և անվստահության մթնոլորտով, ինչը ճգնաժամային պայմաններում էլ ավելի էր սրվել։ Այնուամենայնիվ դա իրավական գործընթաց է և համապատասխան կառույցների կողմից օրենքով իրենց վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման համար առանձին հատուկ հանձնարարական պետք չէ, այսինքն պետք է իրենց գործը այնպես անեն, որ դրա կարիքը չլինի»,- նշեց քաղաքագետը։

Նա նշեց, որ ճգնաժամային պայմանները չեն ազդել իրավապահների ֆունկցիոնալ առանձնահատկությունների վրա՝ հույս հայտնելով, որ պատշաճ աշխատանքի դեպքում նախագահի հանձնարարականը կկատարվի։

«Ես կարծում եմ, որ հնարավոր մեղավորներին բացահայտելու և պետությանը հասցված վնասը վերականգնելու դեպքում, Արցախում հանրային մթնոլորտը որոշակիորեն կառողջանա։ Բայց իրականում բոլորս էլ գիտակցում ենք, որ սոցիալական խնդիրները շատ ավելի խորը հիմքեր ունեն և դրանց լուծման համար պետք է համապարփակ ծրագրային աշխատանք»,- եզրափակեց Ազիզյանը։

Նշենք, որ օրերս ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ հանձնարարական իջեցրեց իրավապահներին՝ բացահայտել պատերազմից հետո անհարկի փոխհատուցումներ ստացած տնտեսավարողներին, օրենքի սահմաններում նրանց ենթարկել պատասխանատվության և վերականգնել պետությանը հասցված վնասը։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է ՀԷԿ-երի սեփականատերերին և այն տնտեսավարողներին, որոնք փոխհատուցում են ստացել Արցախի Ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցման հիմնադրամներից և այդ գործընթացում չարաշահումներ են թույլ տվել։

InfoPort.am-ի արցախյան աղբյուրների պնդմամբ, իրավապահները նախագահի հանձնարարականի իրագործումը արդեն սկսել են, արդյունքում չեն բացառվում աղմկահարույց բացահայտումներ։

  • Կիսվել: