Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ Ստեփանակերտում միջազգային գիտաժողով է կազմակերպվել
Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 14-ին, «Եվրոպա» հյուրանոցի նիստերի դահլիճում կազմակերպվել է «Պատմություն և քաղաքականություն. կեղծարարություն, ֆոբիա, առասպելաստեղծություն» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում են Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության վերլուծաբաններ, քաղաքագետներ, պատմության ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր խորագրի շրջանակներում հանդես են գալիս տարբեր զեկույցներով: Գիտաժողովին ցուցադրվել է նաև փաստավավերագրական ռուսալեզու ֆիլմ, որի հեղինակը Մարինե Գրիգորյանն է: Ֆիլմը պատմում է ադրբեջանցի դիվերսանտներ՝ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի մասին, ովքեր 2014 թ-ին Շահումյանի շրջանում ահաբեկչությամբ սպանել են անչափահաս Սմբատ Ցականյանին:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:
Նա կարևորել է նման գիտաժողովի կազմակերպումը, որը ևս մեկ առիթ է, որպեսզի ինչ-որ չափով վերջ դրվի Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, ինչպես նաև ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայ կեղծ լուրերին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող, միջոցառման նախաձեռնող Հովիկ Ավանեսովն ասել է, որ գիտաժողովի կազմակերպման նպատակն առաջացել է դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին:

Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանում վերջ չի դրվելու հայատյացությանը, քանի դեռ կա ադրբեջանական արհեստածին էթնիկական զանգվածը:
«Ադրբեջանի հիմնական նպատակը հենց հակահայկական քարոզչություն իրականացնելն է: Ադրբեջանում հայատյացություն են սերմանում անգամ մանկապարտեզ հաճախող երեխաների շրջանում և նրանց գիտակցության մեջ ամրապնդում այդ թշնամանքը: Խորհրդային տարիներին այնքան էլ արտահայտված չէր հակահայկական քարոզչությունը: Մենք՝ հայերս, հազարամյակների պատմություն ունենք և այսօր կարծել, որ կարող ենք Ադրբեջանի հետ բարեկամություն անել պարզապես պատրանք կլինի: Այսպիսի գիտաժողովները շատ կարևոր են, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տրվեն ադրբեջանական կեղծարարությունն ու արմենաֆոբիան»,-մասնավորապես ասել է Գ. Ասատրյանը: