չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանի ցեղասպան իշխանությունների գլխավոր ցանկությունը հենց դա է՝ հնարավորինս ցածր գնով մեզ մղել զանգվածային արտագաղթի․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի ցեղասպան իշխանությունների գլխավոր ցանկությունը հենց դա է՝ հնարավորինս ցածր գնով մեզ մղել զանգվածային արտագաղթի․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հորդորում է տուրք չտալ «արցախցիների մասսայական տեղահանման» «ադրբեջանական օրակարգին» և չտարածել նման լուրեր։
 

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Պարզապես խնդրում, հորդորում և նույնիսկ պահանջում եմ տուրք չտալ ադրբեջանական և որոշ այլ արտաքին ուժերի կողմից վաղուց տեղեկատվական դաշտ նետված «Արցախի ժողովրդի զանգվածային տարհանման» օրակարգին և չտարածել նմանաբովանդակ նյութեր ու կոչեր: Դա որևէ կերպ լուծում չէ այս իրավիճակում, դա փախուստ է Հայրենիքից և ազգային, քաղաքացիական ու մարդկային պատասխանատվությունից նախկին, ներկա ու ապագա սերունդների առջև: 

Ադրբեջանի ցեղասպան իշխանությունների գլխավոր ցանկությունը հենց դա է՝ հնարավորինս ցածր գնով մեզ մղել զանգվածային արտագաղթի՝ ցեղասպանության պատասխանատվությունն առերևույթ գցելով մեզ վրա:
Արցախի ժողովրդի միակ օրակարգը պետք է լինի Արցախում ապրելն ու պայքարելը, ինչպես արել են մեր նախնիները տարբեր դարաշրջաններում: Իսկ յուրաքանչյուր անձ ու ընտանիք իրավունք ունի ինքն իր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնելու. ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ խթանի արտագաղթի զանգվածային վարքը:
Որքան էլ զրկանքներն ու դժվարությունները ծանր լինեն, միևնույն է՝ միշտ էլ կարելի է լուծումներ գտնել սեփական Հայրենիքում ազատ ու արժանապատիվ կերպով ապրելու նպատակով պայքարը շարունակելու համար:
Հ.Գ. այս թեմային երկար ժամանակ խուսափում էի անդրադառնալ, սակայն վերջին օրերի տեղեկատվական միտումների համատեքստում ստիպված եմ հրապարակայնորեն խոսել դրա շրջանառության անթույլատրելիության մասին»:

  • Կիսվել: