ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանական արգելքի պատճառով Արցախում շարունակվում են էլեկտրամատակարարման լայնածավալ անջատումները. տեղեկատվական շտաբ

Ադրբեջանական արգելքի պատճառով Արցախում շարունակվում են էլեկտրամատակարարման լայնածավալ անջատումները. տեղեկատվական շտաբ

Ադրբեջանական արգելքի պատճառով Արցախում շարունակվում են էլեկտրամատակարարման լայնածավալ անջատումները, հաղորդվում է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրում:

Ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Արցախի մասնագետների մուտքը իրենց վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Բերձոր հատված, որտեղ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին տեղի է ունեցել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վթար։

Ադրբեջանական ապակառուցողական վարքի պատճառով վթարավերականգնողական աշխատանքների կատարման անհնարինությունը հանգեցրել է Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հովհարային անջատումների, որոնք շարունակվում են մինչ այս պահը:

 

Ինչ է դա նշանակում:

Ձմեռային ցուրտ եղանակի և ձյան առատ տեղումների պայմաններում կանոնավոր ու լայնածավալ հոսանքազրկումներն էլ ավելի են խորացնում շրջափակման պատճառով առաջացած հումանիտար աղետը: Որպես հետևանք՝ տասնյակ հազարավոր մարդիկ բախվել են ջեռուցման և այլ կենսական կարիքների բավարարման լրացուցիչ ու էական դժվարությունների ու զրկանքների:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Վիճակ հիպոֆիզի մակրոադենոմայի հեռացումից հետո, ակրոմեգալիա, դիֆուզ խպիպ», «Վիճակ լյարդի փոխպատվաստումից և քիմիոթերապիայից հետո» և «Վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հունվարի 10-ին երեք հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչ է դա նշանակում:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից արգելափակելու պատճառով ծանր վիճակում գտնվող և ՀՀ-ում բուժում ստանալու անհրաժեշտություն ունեցող հիվանդներին Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխելը առանց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդության և ուղեկցության դարձել է անհնար։ Նշվածն ապացուցում է, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին լիակատար փակ է Արցախում ապրող խաղաղ բնակիչների ազատ տեղաշարժի համար։

Ադրբեջանական հատուկ ծառայությունները, սոցցանցերում կեղծ տեղեկատվություն տարածելով, ահաբեկում են Արցախի բնակչությանը:

Ի լրումն նախորդ օրերին տեղի ունեցած նմանատիպ սադրանքների՝ հունվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Արցախի հանրային հեռուստատեսությունը հաստատել է, որ այն կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով:

Ինչ է դա նշանակում:

Ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտվելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամից, սադրիչ բնույթի ապատեղեկատվություն են տարածում սոցիալական ցանցերի արցախյան օգտատերերի շրջանում, ինչը հետապնդում է խուճապային տրամադրություններ ստեղծելու և խաղաղ բնակչությանն ահաբեկելու նենգ նպատակ։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության  խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղարին:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  հունվարի 10-ին ԱՀ նախագահին կից Անվտանգության  խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին:

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է հիմնադրամների նորանշանակ տնօրեններին:

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն Արցախի ներդրումային հիմնադրամի և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի աշխատակազմերին է ներկայացրել հիմնադրամների նորանշանակ տնօրեններին:

Ներկայացնելով Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Վալերի Ղազարյանին, պետնախարարը ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական նշանակությունը պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից:

Օրվա վիճակագրական թարմացումներ

11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 114 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով ավելի քան 370 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 16 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

690 փոքր և միջին ձեռներեցության սուբյեկտներ (ընդհանուր թվի 14,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,200 մարդ կորցրել է աշխատանքը։

Ավելի քան 12,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր

Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 31 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:

Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև  ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

  • Կիսվել: