երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 29 տարի առաջ` հունվարի վերջին օրերին, խափանվեց թշնամու ծրագիրը

Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 29 տարի առաջ` հունվարի վերջին օրերին, խափանվեց թշնամու ծրագիրը

1993 թ. ձմեռային ռազմարշավի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը բազմիցս փորձեցին կտրել Արցախի ինքնապաշտպանության ուժերի` Լաչինի միջանցքով ապահովվող կապը թիկունքի հետ և շրջապատել հայկական բնակավայրերի անձնվեր պաշտպաններին:

 Սակայն ագրեսորներն իրենք ընկան շրջափակման մեջ և գլխովին ջախջախվեցին:

«Արցախպրես»-ի թղթակցին ներկայացնելով այդ մարտերի նշանակությունը` «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանն ասաց, որ 1993 թ. հունվարի վերջին Ադրբեջանի ԶՈՒ հիմնական հարվածն ուղղված էր Լաչինի շրջանի հայկական պաշտպանական դիրքերի վրա:

«Մինչև ատամները զինված ադրբեջանական զինված կազմավորումները հարձակումներ էին գործում երկու ուղղություններով՝ հյուսիսային (Քելբաջարի ռազմահենադաշտից) և հարավային (Կուբաթլիի ռազմահենադաշտից): Հյուսիսայինում հակառակորդի առավելագույն հաջողությունը Ղոչազ (Հոչանց) բնակավայրին մոտենալն էր, իսկ հարավայինում՝ Սաֆյան-Գյուլեբիրդ գծի վրա վերահսկողություն հաստատելը: Սակայն հայկական կազմավորումները հունվարի 30-31-ին վերադարձրին հարավային ուղղության իրենց դիրքերը, իսկ հետո Ղոչազի մատույցներում (հյուսիսային ուղղությունում) շրջապատեցին ու ոչնչացրին հակառակորդի մի խոշոր խմբավորում (ավելի քան 400 զինվոր ու սպա), որից հետո Լաչինում երկարատև անդորր տիրեց: Ընդհանուր առմամբ, հունվարյան մարտերի ընթացքում հակառակորդը կորցրեց հետևակի երկու գումարտակ, 7 տանկ, 5 ՀՄՄ, 4 ռազմական ինքնաթիռ և 1 մարտական ուղղաթիռ, մարտադաշտում թողեց մեծ քանակությամբ հրազեն, զինամթերք և այլ նյութական պաշարներ, ԼՂՀ ԻՊՈՒ զորամասերն ու ստորաբաժանումները, հակագրոհների ժամանակ կայծակնային և ուժգին հակահարվածներ հասցնելով, կասեցրին մի քանի անգամ գերակշռող հակառակորդի ճնշումը, անառիկ պահեցին վերահսկողության տակ առնված դիրքերը և պաշտպանական հյուծիչ մարտերում հաջողությամբ լուծեցին առաջադրված մարտական խնդիրները», - ընդհանրացրեց Մ. Հարությունյանը:

  • Կիսվել: