հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«21-րդ դարը փափուկ ուժի կիրառման ժամանակաշրջան է». անվանի գիտնականը ԱրՊՀ֊ում հանդես է եկել դասախոսությամբ

«21-րդ դարը փափուկ ուժի կիրառման ժամանակաշրջան է». անվանի գիտնականը ԱրՊՀ֊ում հանդես է եկել դասախոսությամբ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես է եկել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն իր խոսքում  շնորհակալություն է հայտնել գիտնականին այս ծանր օրերին Արցախ այցելելու  և  Մայր բուհում  դասախոսությամբ հանդես գալու համար։
 
Բանախոսը  ներկայացրել է  իր դիտարկումները Արցախում  հետպատերազմական շրջանի  տնտեսական դրության վերաբերյալ և կարևորել միասնաբար ուղիներ որոնելու անհրաժեշտությունը՝ ուղղված իրավիճակի հաղթահարմանը։ Թ. Մանասերյանն  առանձնացրեց երեք կարևոր խնդիր՝ տնտեսագիտական անվտանգությունը, քաղաքացուն արժանապատիվ աշխատանքով ապահովելու հարցը և ազգային գիտակցությունը։ Նրա համոզմամբ՝ 21-րդ դարը փափուկ ուժի կիրառման ժամանակաշրջան է, ինչն էլ շատ կարևոր է  Արցախի ներկայիս իրավիճակում։
 
«Առանց երկրի զարգացման տեսլականի մշակման, գրեթե անհնար է ապրել ու աշխատել՝ չիմանալով, թե ուր ենք գնում, ինչի ենք ձգտում՝ որպես ազգ և պետություն, որն է մեր նպատակը։ Տնտեսական զարգացումը ունի առնվազն երկու հենասյուն՝ անվտանգություն և մրցունակություն։ Եթե մենք լինենք անվտանգ, բայց ոչ մրցունակ, ապա առաջ չենք գնա։ Այդ ժամանակ կախված կլինենք այլ երկրից, որը կխաթարի մեր անվտանգությունը։ Պետք է գործել տնտեսական ճիշտ դիվանագիտությամբ, որպեսզի կարողանանք դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից»,- մեզ հետ զրույցում ասել է Թ. Մանասերյանը։
 
Հանդիպման վերջում տնտեսագետը պատասխանել է բուհի Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների կողմից հնչեցված հարցերին և ցանկություն  հայտնել յուրաքանչյուր գաղափարի շուրջ ընդլայնված քննարկում անցկացնել նրանց հետ։
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: