կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2024-ին 2 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից տեղահանված 4032 ընտանիքի՝ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ տուն կառուցելու ծրագրի համար

2024-ին 2 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից տեղահանված 4032 ընտանիքի՝ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ տուն կառուցելու ծրագրի համար

2024 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեով նախատեսված է շուրջ 4 միլիարդ դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի համար: Այդ մասին Ազգային ժողովում ԱՍՀՆ-ի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումները ներկայացնելիս ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը:

«2 միլիարդ դրամի պետական աջակցություն կտրամադրվի՝ շարունակելու ԼՂ-ի  առանձին շրջաններից տեղահանված 4032 ընտանիքի բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու ծրագիրը:

Այսօրվա դրությամբ ծրագրի շրջանակում բնակարանով ապահովվել է 1735 ընտանիք»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ սերտիֆիկատ ունեցողների մասով գործընթացը շարունակվում է:

Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու ծրագրին, ապա այդ նպատակով հիփոթեքային վարկ ստացած 500 շահառուի կտրամադրվի աջակցություն շուրջ 475 միլիոն դրամի շրջանակում: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ այս ծրագրով արդեն իսկ շահառու է դարձել 180 ընտանիք:

  • Կիսվել: