երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
150-ից ավելի արցախցի ուղեգրվել են տարբեր գործատուների մոտ՝ խորհրդատվություն ստանալու, և կարողացել են աշխատանքի անցնել․ Նարեկ Մկրտչյան

150-ից ավելի արցախցի ուղեգրվել են տարբեր գործատուների մոտ՝ խորհրդատվություն ստանալու, և կարողացել են աշխատանքի անցնել․ Նարեկ Մկրտչյան

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 30 հազար անչափահասից 27 300-ի համար արդեն իսկ դիմում ներկայացվել է, նախորդ շաբաթ 100 000 դրամ գումարը ստացել է 14 593 երեխա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ մնացած դիմումները մշակման փուլում են, և առաջիկա օրերին շահառուները կստանան հատկացվելիք գումարները: 

Նախարարը տեղեկացրեց, որ կվճարվեն նաև բանկային քարտ չունեցողները՝ նշելով, որ նախորդ վճարման շրջանակում ավելի քան 4000 նոր քարտապաններ են եղել: 

Ինչ վերաբերում է զբաղվածության ապահովման ծրագրերին, ապա ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններ և խորհրդատվություն ստանալ աշխատանքի մասով: Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ 150-ից ավելի նման դեպք է արդեն գրանցվել, երբ մեր հայրենակիցներն ուղեգրվել են տարբեր գործատուների մոտ՝ խորհրդատվություն ստանալու, և կարողացել են աշխատանքի անցնել:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 220 անձ՝ միայնակ տարեց, խնամքի տարբեր հաստատություններում և կենտրոններում է: Նրանց և խոցելի մյուս խմբերի համար ԱՍՀՆ-ն ՀԿ-ների միջոցով բոլոր մարզերում մատուցում է նաև ծառայություններ: Շուրջ 200 երեխա արդեն իսկ օգտվում է այդ ծառայություններից: 

Նարեկ Մկրտչյանը նաև թվարկեց այդ ծառայությունները: Այսպիսով, ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են օգտվել՝

-ցերեկային խնամքի ծառայություններից՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար.

-տնային պայմաններում խնամքի ծառայություններից՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար.

-ցերեկային խնամքի ծառայություններից՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար.

-տնային խնամքի ծառայություններից՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար.

-սոցիալ-հոգեբանական, վերականգնողական ծառայություններից՝ տեսողության խնդիրներ ունեցողների համար.

-շուրջօրյա խնամքի ծառայություններից՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար.

-սոցիալ-վերականգնողական ծառայություններից՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար.

-առաջնային խորհրդատվությունից՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց և աղջիկների համար՝ ըստ անհրաժեշտության:

  • Կիսվել: